ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՄԵԾ ՖՈՒՏԲՈՐԸ  նիրհից արթնացնելու ցանկության իրագործումը ՀԱՐՑԱԿԱՆԻ տակ …

Որախալի է, որ մի ժամանակ ֆուտբոլով ապրող ու շնչող, ֆուտբոլային լավագույն ավանդույթների, փառավոր էջեր ու նվիրյալներ ունեցող քաղաքը չի հաշտվում այն մտքի հետ, որ այդ ամենն անցյալ են ու ամեն ինչ՝ անդարձ կորած: Հանրապետության երրորդ քաղաքի ֆուտբոլի մի խումբ նվիրյալներ տարիների ընդմիջումից հետո փորձ են անում վերստին համոզելու, որ Վանաձորը ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՔԱՂԱՔ եղել է ու լինելու է: Այդ նպատակով նրանց ջանքերով վերականգնվեց Հայաստանում առաջինը հիմնադրված պրոֆեսիոնալ «ԼՈՌԻ» ֆուտբոլային ակումբը՝ այս անգամ «ԼՈՌԻ-ՎԱՆԱՁՈՐ» անվամբ: 2023-24 թ.թ. մրցաշրջանում ակումբը ձեռք բերեց ՀՖՖ-ի (Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա) պատանեկան առաջնություններում հանդես գալու իրավունք: Մնում էր միայն կազմավորել վարպետության համապատասխան աստիճան ունեցող ֆուտբոլիստներով համալրված թիմ և համարձակ պայքարի ասպարեզ նետվել: Այդ ուղղությամբ գործնական քայլեր, ծրագրեր ևս կային` հետագայում Բարձրագույն լիգայում պայքարելու …: Բայց հենց այսօր այդ հնարավորության իրագործումը հարցականի տակ է: Պատճառը մեկն է ու բոլորին հասկանալի՝ միջոցներ չկան : Նաև անհայտ է՝ ե՞րբ կլինեն… կլինե՞ն ընդհանրապես…

Մինչդեռ սկիզբը խոստումնալից էր. Վանաձորի համայնքապետարանի (Արկադի Փելեշյանի և նախկին մարզպետ Արամ Խաչատրյանի աջակցությամբ), ՌԴ-ի TRAKTOR GROUP ներկայացուցիչներ Ալեքսանդր Նիկուլինի և Իվան Կուզնեցովի ֆինանսական աջակցությամբ 2023-24 մրցաշրջանում ՖԱ-ն նախ 4, ապա 2024-25 մրցաշրջանում 5 թիմերով, մասնակցեց Հայաստանի պատանեկան առաջնությանը՝ ՀՖՖ-ի հովանու ներքո։ 2024 թ. մայիսի 25-ին ակումբը ՀՖՖ-ից և ՈՒԵՖԱ-ից ստացավ Հայաստանի 1-ին լիգայի առաջնությանը մասնակցելու արտոնագիր։ Ակումբի մինչև 15 տարեկան պատանիների նույնանուն թիմը այս տարի ՀՀ ֆուտբոլի պատանիների առաջնության C խմբում չկրեց ոչ մի պարտություն, իր ենթախմբում նվաճեց առաջին հորիզոնականը (անցյալ տարի ևս առաջատարների շարքում էր): Խմբում լավագույն թիմին ի հայտ բերելու և Բ խմբի ուղեգիրը վիճարկելու նպատակով կազմակերպված մրցավեճում լոռեցի պատանիները եզրափակիչում հանդիպեցին Աշտարակի «Օլիմպիայի» հետ և հաղթեցին 2:0 հաշվով՝ նվաճելով Բ խմբի ուղեգիր: Իհարկե նրանք կփորձեն հաջողությունները զարգացնել, եթե … եթե թիմը պահպանվի, եթե իրենք հնարավորություն ունենան խաղերը շարունակել նոր ենթախմբում… Պարզ ասած՝ այդ ամենը կախված է նրանից, թե ներդրողներ ու ֆինանսական միջոցներ կգտնվե՞ն, թե՞ ոչ: Հարկ է նշել, որ թե այդ, թե պատանեկան մյուս թիմերի մարզիչները իրենց գործն անմռունչ կատարել են գրեթե առանց աշխատավարձի: Առանց աշխատավարձի արդեն երկու տարի աշխատում են նաև ակումբի ղեկավարները. նախագահը՝ 1988-ին Հայաստանում 1-ին պրոֆեսիոնալ ակումբի հիմնադիր Նորայր Զուլոյանը, փոխնախագահները՝ ֆուտբոլային աշխարհին նույնքան հայտնի մարդիկ Սերգեյ Զաքարյանը և Գագիկ Սարգսյանը: ՀՖՖ-ն որևէ օգնություն չի ցուցաբերել , անգամ մարզահագուստ, գոնե մեկ գնդակ չի տրամադրել, իսկ ամենազավեշտալին այն է, որ մինչ օրս ստադիոնում ակումբը չունի մեկ աշխատասենյակ ու, գոնե տնային խաղերն անցկացնելու համար մեր ֆուտբոլային թիմերին չի տրամադրել «Լոռի» քաղաքային մարզադաշտը, որը վերանորոգումից հետո այսօր գտնվում է ոչ թե քաղաքի, այլ հենց ՀՖՖ-ի «տիրապետության» տակ: Ֆուտբոլի նվիրյալ մի խումբ ընկեր-բարեկամների (Իտալիայից, ԱՄՆ-ից` Գագիկ Սարուխանյան, Հովհաննես Զուլոյան, Նորիկ Աբրահամյան …) և Վանաձորի քաղաքապետարանի մեկ անգամվա (5 մլն.դրամ) նվիրատվությամբ ու տրամադրած դրամական միջոցներով թիմերի համար ձեռք են բերել մարզահագուստ, անհրաժեշտ գույք, ապահովել են արտագնա խաղերին թիմերի մասնակցությունը, ստացել են նաև որոշ ծնողների աջակցություն: Այս ամենի համար ակումբը ծախսել է շուրջ 14 մլմ. դրամ: Այնուամենայնիվ, դրանք բավարար չեն ծրագրերն ու հաջողությունները ծավալելու: -Մի՞թե կայացած այս ակումբի գոյությունը, ՀՀ առաջնություններում հանդես եկող թիմեր ունենալու հնարավորությունը հարցականի տակ է, — դիմում եմ «Լոռի-Վանաձոր» ֆուտբոլային ակումբի ղեկավարներին: Հնչում է ոչ մխիթարիչ պատասխան՝ «Ոչ միայն 1-ին լիգայի ու պատանեկան թիմերի, այլ նաև ակումբի հետագա գործունեությունն է հարցականի տակ: Ֆինանսական միջոցներ չհավաքագրելու և ներդրողների բացակայության պայմաններում ստիպված կլինենք առաջիկայում դադարեցնել վերականգնված ակումբի գործունեությունը»: Նրանք միայն դառնությամբ իրենց դժգոհություններն արտահայտեցին ՀՖՖ-ի ու նրա մարզային ներկայացուցիչների, մարզի ու քաղաքի իշխանավորների, գործարարների անտարբերությունից: Այո, իրենք երազել են, իրենց թվացել է, որ իրենց հետ նաև հնարավորություն և պարտավորություն ունեցող կազմակերպություններն ու մարդիկ ևս կհուզավառվեն և օգնության ձեռք կպարզեն՝ հանուն Վանաձորում ֆուտբոլային նախկին ավանդույթի, ֆուտբոլային նախկին աշխույժի ու եռուզեռի նիրհից արթնացման ու վերականգնման համար: Մինչդեռ բախվում են նույնիսկ իրավասու մարմինների անշրջահայաց վերաբերմունքին ու քար անտարբերությանը, չհասկանալով, որ ՄԵԾ ՖՈՒՏԲՈԼԸ առաջին հերթին` ՄԵԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ է: Այո, անհնար է մտերիմ ընկերների ու բարեկամների նվիրաբերած մանր-մունր գումարներով 1–ին լիգայի թիմ պահել ու նախկին հաջողությունները վերականգնել : Այնուամենայնիվ, ակումբի ղեկավարները, թիմերի մարզիչները վերջնականապես չեն հուսահատվում, լի են պայքարը համառորեն շարունակելու թե խաղադաշտերում՝ թե «համատարած անտարբերության» դեմ:

Գագիկ Անտոնյան

(հունիս 25, 2025թ., տեղական և ՍՓՅՈՒՌՔ-ի  ԶԼՄ-ների թղթակից)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով