Ֆուտբոլի «Լոռի-Վանաձոր» պատանեկան թիմի հուսադրող ներկան և…մշուշոտ ապագան
«Լոռի-Վանաձոր» ֆուտբոլային ակումբի մինչև 15 տարեկան պատանիների նույնանուն թիմը այս տարի ևս հանդես եկավ ՀՀ ֆուտբոլի պատանիների առաջնության C խմբում: Ինչպես անցյալ, այս տարի ևս թիմը հաջող հանդես եկավ. չկրելով որևէ պարտություն, իր ենթախմբում նվաճեց առաջին հորիզոնականը /անցյալ տարի ևս առաջատարների շարքում էր/: Խմբում լավագույն թիմին ի հայտ բերելու և Բ խմբի ուղեգիրը վիճարկելու նպատակով կազմակերպված մրցավեճում լոռեցի պատանիները կիսաեզրափակիչ խաղում հանդիպեցին Չարենցավանի «Վան» թիմին և դժվարին պայքարում հաղթանակ տոնեցին: Եզրափակիչ խաղը հուլիսի 4-ին կայացավ Ապարանի քաղաքային մարզադաշտում: Լոռեցիների հակառակորդն այս անգամ Աշտարակի «Օլիմպիա-10» /10-ը հուշում է, որ պատանիները ծնվել են 2010թ.-ին/ թիմն էր: Մեր պատանիները աչքի ընկան կազմակերպվածությամբ, թիմային խաղով, հաղթանակի հասնելու աներեր կամքով և պատահական չէր, որ հաղթանակը ուղեկցեց հենց նրանց: Ամեն խաղակեսում մեկական գնդակ ուղարկելով հակառակորդի դարպասը, նրանք վստահորեն հաղթանակ ապահովեցին թեժ մրցավեճում՝ նվաճելով Բ խմբի փափագելի ուղեգիրը: Դիտելով երկու թիմերի մրցամարտը, անհնար էր չզգալ լոռեցի պատանիների մարզիչների՝ հայր և որդի Հովհաննես և Անդրանիկ Այվազյանների, /նրանք նաև Վանաձորի Ֆուտբոլի մանկապատենական մարզադպրոցի մարզիչներ են/ տքնաջան աշխատանքը: Հաղթանակի համար շնորհավորեցի նրանց, Բ խմբում հաջող հանդես գալու նույնպիսի կամք ու եռանդ, հաջողություններ ցանկացա:
Իհարկե, իրենք ևս անչափ ուրախ ու ոգևորված էին նման հաջողությամբ, սակայն նրանց դեմքին նկատեցի թախիծի ու հուսահատության տխուր երանգ:
-Իհարկե կփորձենք հաջողությունները զարգացնել, եթե … եթե թիմը պահպանվի, եթե իրենք հնարավորություն ունենան խաղերը շարունակել նոր ենթախմբում…
Նրանց հետ զրույցի ընթացքում իմ առջև վեր հառնեցին «Լոռի-Վանաձոր» պատանեկան թիմի հուսադրող ներկան և…մշուշոտ ապագան: Պարզվում է, որ հայր ու որդի երկու տարի աշխատել են աշխատանքի դիմաց գրեթե առանց դրամական փոխհատուցման, նրանք թիմը չեն լքել, սիրելի պատանիներից չեն հրաժարվել միայն ու միայն լավատես էնտուզիազմի շնորհիվ, որը և բերել է ակնհայտ հաջողությունների. լոռեցի պատանի ֆուտբոլիստները 28 խաղ հանդես են եկել առանց պարտության, ահա և նվաճեցին ավելի բարձր խմբում հանդես գալու ուղեգիր…
-Մի՞թե կայացող, կայացած այս թիմի գոյությունը հարցականի տակ է,-դիմում եմ «Լոռի-Վանաձոր» ֆուտբոլային ակումբի ղեկավարներին՝ Նորայր Զուլոյանին, Սերգեյ Զաքարյանին: Պարզվում է՝ ոչ միայն այս թիմի, այլ նաև ակումբի գոյությունն ու հետագա գործունեությունն են հարցականի տակ: Մինչև վերջերս իրենք ունեցել են մանկապատանեկան 5 թիմ, թե իրենք, թե մարզիչները գործել են առանց վարձավճարի: ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայից որևէ աջակցություն երբևէ չեն ստացել, անգամ օրացույցային խաղերը քաղաքային մարզադաշտում անցկացնելու հնարավորություն չեն ընձեռնել: Սպորտի նվիրյալ մի խումբ ընկեր բարեկամների /բարերար Գագիկ Սարուխանյան, Վանաձորի պատվավոր քաղաքացի, «Ինտերկապ-Գերմանիա» ԲԿ-ի նախագահ Ռայներ Քոզել, ընկերներ Եվրոպայից, ԱՄՆ-ից/ և Վանաձորի քաղաքապետարանի մեկ անգամվա նվիրատվությամբ տրամադրած դրամական միջոցներով ձեռք են բերել մարզահագուստ, անհրաժեշտ գույք, ծայրը-ծայրին հասցնելով ապահովել են խաղերին թիմերի մասնակցությունը, ստացել են նաև որոշ ծնողների աջակցություն: Այնուամենայնիվ, դրանք բավարար չեն հաջողությունները ծավալելու, բազմապատկելու համար: Ահա ինչու այսօր ասպարեզում մնացել են երեք թիմեր, որոնց ապագան մշուշոտ է…
Այսօր էլ հարց է՝ կարո՞ղ է հրաշք տեղի ունենալ, հնարավո՞ր է մի օր ամեն ինչ իր տեղն ընկնի: Ամեն դեպքում, այս վերջին հաջողությունը ինչ- որ հույս ներշնչում է:
Գագիկ Անտոնյան
Նկարում՝ «Լոռի-Վանաձոր» պատանեկան թիմի մարզիկները՝մարզիչների, ակումբի ղեկավարության և մի խումբ երկրպագուների հետ
